Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը» շարքից

ՀԱՌԱՋԱԲԱՆԸ
Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում, թե ինչ լեզվով գրեմ։ Մեր գրաբառ լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլ ա՝ էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը` հազարիցը մեկը չի հասկանում, ի՞նչ պետք է արած։ Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ։

Էս մտածելով՝ ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու էնդուր համար աշխարհաբառ գրեցի։ Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում, ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անց կացնի։

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում։ Կարելի է ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որն իր սրտովն ըլի։ Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի յա դիր գալիս, չունքի երեխությունից էնդուր ենք սովոր։

Շատ բաներ էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբառ, բայց ելի սիրտ չէի անում, որ լիս քցեմ։ Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկած մնա, փթի։ Բարեկամ մարդիք, որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ լավ կըլի, որ տպիլ տամ։ Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ։ Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջինն էսպես ըլի։

Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճառով, որ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի։ Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը։ Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն։

Աղասու մեկ քանի խաղը, որ էստեղ մեջ եմ բերել, կարելի է՝ թե՛ շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր։ Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլ բաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ էին քաշում։ Մեկ օր էսպես աղջիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ։ Խեղճի հորնմորը Երևանու բերդումը չորացրին, ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին։ Էս խաղերը էն փախած ժամանակն է ասել։ Սրա պատմությունը շատ երկար ա, մեկ մեծ գիրք ա, որ գրած՝ մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը։ Գրքի անունն ա․ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի»։ Էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած մոտիս հազիր ունիմ։ Ո՞վ գիտի՝ բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տա։ Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատ կըլեր։

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլ ա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքըս տամ, քանի շունչս բերնումս ա։
ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Գնա՛, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ։
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր։
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա։
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա։
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ։
Էսպես բանիցը ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ոչինչ չի շահվիլ, դարդակ կմնա։
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա։
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն։
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ։
Աշխարքի բերանն ջվալի բերան։
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն։
Հալբաթ մեկ օր էլ արև դուրս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա։
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա՛։
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ, ինձ էլ խայտառակ։
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
Էլ իր տունը գա։ Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց։
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց։
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել։
Ասածը ծերը լսեց, վեր եկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ։
Մեկն էլ էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց։
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»։
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն։
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն, էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ։
Բեղ, միրուք՝ բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով։
Խղճի որ ճարը կտրվեց, վեր էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին։
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին։
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ։
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով։
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ՝ ա՛յ իմ էշ»՝ ասեց։
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուրս էկել,
Ո՛չ ուրիշի լսել, ո՛չ մեր տունն քանդել։
Ինձ տեսնողը՝ թող՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»։–
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը։
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա։
Քա՛ր ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի։

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։―
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s