Թթենի և փշատենի

Թթենի
Без названия (1)

 

 

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:
Փշատենի
file_26758_1672383
Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:

 

Առասպել խաղողի մասին

4

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Продолжить чтение «Առասպել խաղողի մասին»

Զրույցներ և ավանդապատումներ

Շատ հետաքրքիր պատմություններ կան մեր բնակավայրերի մասին  Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:

Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։

Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:

Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:

Քանաքեռ
Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Առաջադրանք:
Շարունակիր նյութը`  քո գյուղի, բնակավայրի  կամ  այլ բնակավայրերի մասին պատմություններ ներկայացնելով:

Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Էջմիածին

ԳԵՂԱՐԴ

Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝ եկեղեցի։Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին՝ այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրների վանք անունը։Սակայն ժամանակի ընթացքում, 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրների վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։ Գեղարդը զենքի մի տեսակ է` բաղկացաւծ փայտե կոթից, որի գլխին ամրացված է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում  խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։

Продолжить чтение «Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Էջմիածին»