Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․Բրոուն  Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թոավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շաւո ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։   Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ  մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի  ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1.Համաձա՞յն  ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա

Թումանյանի վերջին օրերը

1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առաջարկում են վիրահատություն կատարել լյարդի և լեղապարկի շրջանում: Բժիշկ Տեր¬Ներսիսյանը պնդում է, որ հիվանդին անհապաղ Բեռլին ուղարկեն, սակայն 1922 թ. փետրվարի 26¬ին կայացած բժիշկների ընդլայնված խորհրդակցությունը որոշում է վիրահատությունը կատարել Թիֆլիսում:

Продолжить чтение «Թումանյանի վերջին օրերը»

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ, 1.02-19.02

tumanyan_2
Թումանյանի տոհմը
Թումանյան մարդը
Թումանյանը պատմության մեջ
Թումանյան թարգմանիչը
Ամենայն հայոց բանաստեղծը
Նվարդ Թումանյանի հուշերը
Թումանյանի զավակները
Թումանյանը և Կոմիտասը
Լսում ենք Թումանյան մեր ընկերների կատարմամբ
Թումանյանական թափառումներ
 Թումանյանի քառյակները
Մանե Թոռունյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան
Նիկա Պողոսյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան
Անուշ Թադևոսյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան
ԱՐՏբզզանի եթերում`Թումանյանական

 

Հովհաննես Թումանյանի մանկությունը

Թումանյանի ծնողները 8 երեխա ունեցան՝ 5 տղա և 3 աղջիկ: Ամենամեծը, ամենից սիրվածն ու գուրգուրվածը ապագա բանաստեղծն էր՝ Հովհաննես Թումանյանը: Նա ծնվեց Դսեղում 1869 թ. փետրվարի 7-ին (հին տոմարով): Փետրվարի 15-ին բանաստեղծին մկրտում են և Հովհաննես անվանում իր հորական պապի՝ մեկ տարի առաջ վախճանված Հովհաննես աղայի պատվին, թեև Հովհաննես էր նաև մորական պապի անունը: Թումանյանը իր հերոսական նախնիներից ժառանգել էր միայն լավ հատկանիշները և ամբարել իր մեջ անխտիր նրանց բոլոր առաքինությունները, այն ամենը, ինչ ազնվական էր, բարոյական ու վեհ՝ «թասիբը», «վեհանձնությունը», սրին լավ տիրապետելը, քաջությունը, «ուրախասիրությունը», պարթևությունը, իշխանական ոգին, ստեղծագործելու ընդունակությունը, վառ երևակայությունը, հավատարմությունը, Բարխուդարի երկրորդ որդուց՝ Գոգի-Գևորգի ճարտարաբանությունը, Հովհաննես աղայից և հորից հյուրասեր, զրուցասեր, սրախոս ու զվարճասեր, բարի, առատաձեռն բնավորությունը, ծնողներից՝ հատկապես մորից, պայծառատեսությունը և բնության պաշտամունքը: Թումանյանը ատում էր թալանն ու գողությունը, ինչպես իր պապերը, մայրը: Բանաստեղծի պապը՝ Հովհաննես աղան, ուրիշի տանը միս չէր ուտում, թե կարող է գողացած լինել: Մայրը կարող էր պատժել, նույնիսկ երխային «կըտրից ներքև շպրտել», հարևանի այգուց տանձ կամ մոշ քաղելու համար:

Թումանյանը ժառանգել էր նույնիսկ հանրային գործերի համար պարտքեր անելու սովորությունը (Հովհաննես աղան պարտքեր էր արել գյուղի համար ճանապարհ և կամուրջ կառուցելու նպատակով): Ամենից շատ Թումանյանը նման էր հորը թե՛ արտաքնապես և թե՛ բնավորությամբ: Ժառանգել էր նրա առաքինի բոլոր գծերը. և՛ բարեկազմ արտաքինը, բարձրահասակ, գրավիչ դեմքով, խոշոր և խորունկ աչքերը, և՛ բնավորության շռայլությունը, կենսուրախությունը, հյուրասիրությունը, սրամտությունը, հպարտությունը, դժվարությունները ամենքից թաքցնելու և հասարակության աչքում հարուստ երևալու ձգտումը, ընտանիքի բարեկեցության հաշվին օտարներին անվերջ բարեգործություններ անելու ձգտումը: «Ինչ որ լավ բան կա իմ մեջ՝ հորիցս է»,-  հավաստիացնում էր պոետն ընկերներին:

Թումանյանը մեծացավ բազմանդամ ընտանիքում, որը բաղկացած էր նաև երկու հորեղբայրների՝ Գրիշկայի ու Մամի ընտանիքներից. երեք եղբայրների բազմանդամ ընտանիքներ միևնույն հարկի տակ, գյուղական տուն, որի սրահում կարող էր հանկարծակի գայլ հայտնվել, գյուղական փողոցներ, որտեղ շները վազում էին մանուկ Հովհաննեսի ետևից և վախեցնում նրան: Թումանյանը քայլել սկսել է «սովորականից շատ վաղ» հասակում, այսինքն՝ 1 տարեկանից շատ վաղ: Ընկերություն էր անում հորեղբոր տղայի՝ իրեն հասակակից Սմբատի հետ, խաղում կրտսեր եղբոր՝ Ռոստոմի հետ: Մանկական առաջին տպավորությունները կապվում են բնության, կենդանիների և թռչելու ցանկության հետ. «Թռչելու տրամադրություն ունեի միշտ, և ինձ թվում էր միշտ, թե կարող եմ օդում թռչել, էնպես թեթև էի զգում, և այժմ էլ թվում է, թե թռչում էի կամ թռել եմ»: Վաղ մանկությունից բնության նկատմամբ սերը թափանցեց պոետի հոգու մեջ և այլևս այնտեղից դուրս չեկավ. կյանքի մինչև վերջին պահերը մնաց նրա ամենամեծ կարոտը: Ինքը՝ բանաստեղծը, բնությունը համարում է իր ամենամեծ ուսուցիչը. «Գիշերների լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձենին, որ գալիս էր խոր ձորից, երբեմն՝ խուլ ու խոր, երբեմն՝ պարզ ու ահավոր: Եվ կարծես խոսում էր հոգուս հետ: Ինչքան էի սիրում առավոտը աքաղաղների ծուղրուղուն, գիշերվա շների հաչոցը»: Առաջին անգամ Գյոլի-ուրթում տեսավ նապաստակ և վախեցավ, երբ թռչնի բնից ճուտիկները կտուցներն ուղղեցին նրան՝ կեր ստանալու ակնկալիքով: Իսկ հեղեղից ու կայծակից ոչ միայն չէր վախենում, այլև սիրում էր: Բանաստեղծի ուսուցիչներն էին նաև ընտանիքը, հարազատները, հայրենի հիշատակները՝ Սիրուն Խաչը, Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը, հայրենի Լոռին՝ իր վայրի բնությամբ, Դեբեդի վշշոցը, Դիդ բլուրը, Ձաղի ձորը, Ծովեր լճակը, ինչպես նաև սայլվորի երգը, լեռների թարմ ցողապատ լանջերը, Լոռվա հանդերի արտույտների երգը: Մանուկ Հովհաննեսը ճանաչում էր շրջապատող բնությունը, բույսերն ու ծաղիկները, կենդանական աշխարհը: Նա սիրում էր ուրց ու մորի հավաքել, հասկի ցողունից կամ եղեգներից նվագածության գործիք պատրաստել, շվի նվագել, երգել: Այս ամենը հրաշալի էր, և հարազատ հողն ու բնությունը ոգեշնչում էին ապագա բանաստեղծին ու գունավորում նրա մանկությունը:

Մանկության տարիներին Թումանյանը սիրել ու հետաքրքրվել է հեքիաթներով, լեգենդներով ու ավանդություններով, իր նախնիների՝ Մեհրաբի ու Հովակիմի, Հովհաննես աղայի՝ «Լոռու հին-հին քաջերի» մասին ասքերով, սխրագործություններով, որոնք դարձան նրա հոգևոր առաջին սնունդը: Այդ հեքիաթները, «հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհներից» նա քաջքերի մասին լսել է և՛ տատից, և՛ իր հորեղբոր կնոջից՝ Թագուհուց, իր խաղընկեր Նեսոյից, գյուղի այգեպան Ղոխնանց պապից, բոստանչի Մելքոնանց Օհաննեսից, իր քեռի Իսայուց: Հատկապես կանայք սովորություն են ունեցել վախեցնել երեխաներին սատանաների մասին պատմություններով: Վերջինիս պատմածի հիման վրա է գրել «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու կաղնին»: Հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը («Գութանի երգը», «Կալի երգը», «Գութան»): Բանաստեղծին հոգեհարազատ էին հատկապես լեգենդներն ու բալլադները, որոնք նրա համար և՛ երգ էին, և՛ պատմություն:

Թումանյանի մանկության օրերին Դսեղն ապրում էր նահապետական կենցաղով, դարերից եկած «ադաթներով» ու սովորություններով: Դեռևս անծանոթ սնոտիապաշտության, «ադաթների» ներքնիմաստներին և նրանց ծնած ողբերգություններին, փոքրիկ Հովհաննեսին դուր չէր գալիս կանանց ու տղամարդկանց հարաբերություններում նկատվող անարդարությունները, ծեծն ու հայհոյանքը, նկատում է, օրինակ, ինչպես էր իր հորեղբայր Մամը ծեծում իր կնոջը՝ Թագուհուն: Իսկ Չումանը՝ Քոչնանց Սիմոնը, միշտ ճիպոտը ձեռքին սրան-նրան ծեծում էր ու հայհոյում: Գյուղացիներից տպավորվում է նաև ընչազուրկ «Շաշ Դավոն», որ «Մարինոս էշի» վրա նստած՝ գոռգոռում էր անվերջ: Հիշում էր նաև իգիթների միջև արյունով ավարտված վեճերը: Ալեքի եղբայր Օսմանը սպանում է Չոփուռանց տղաների քրոջ տղային: Չոփուռի տղաներն էլ սպանում են Օսմանին: Սակայն նահապետականության մեջ Թումանյանը տեսնում էր նաև դրական կողմեր՝ անմիջականություն, ազնվություն և պարզություն: Երազում էր ծննդավայրը կապել աշխարհի հետ. «Մտածում էի, թե որ մեծանամ, էնպես մարդ դառնամ, որ մեր Լոռու ձորի վրով կամուրջ շինել տամ»:

Յոթ-ութ տարեկան Հովհաննեսը՝ կարմիր արխալուղը հագին, մորթե փափախը գլխին, ոտքին տրեխներ, ճիպոտը ձեռքին, իր հասակակիցների հետ գառներ էր արածեցնում: Նրա գառնարած ընկերներից էր Նիկալը: Երբեմն նրան ընկերակցում էր կրտսեր եղբայրը՝ Ռոստոմը, իրենց Չալակ շան հետ: Հետագայում «Պատրանքում» Թումանյանը մեծ կարոտով է հիշել մանկության այդ անհոգ ու անդարձ օրերը:

Մանուկ Թումանյանը հաճախ էր տարվում խաղով կամ պառկում բնության որևէ գողտրիկ անկյունում, ժամերով հետևում ամպերի խաղին, լսում թռչունների ուրախ ու զվարթ ծլվլոցը, իր «մեծ ուսուցչի»՝ Դեբեդ գետի վշշոցը, և մոռանում իրեն վստահված գառների կամ արջառների մասին: Ուշ երեկոյան՝ սթափվելով երազներից, փոքրիկ Հովհաննեսը փնտրում էր իր պահպանությանը հանձնված կենդանիներին և շփոթված ու այլայլված, ձեռնունայն տուն վերադառնում: Նա իրեն շատ մեղավոր էր զգում և ծանր էր տանում իր անփութության հետևանքը, և ոչ միայն սպասվող պատժի, այլ նաև կենդանիների մասին անհանգստությունից: Հետագայում ցավով էր հիշում. «Ես միշտ կորցնում էի անասունները»: Իր ամբողջ կյանքում բանաստեղծը սիրով ու անթաքույց քնքշությամբ է հիշել մանկության տարիների «հին կարոտ մտերիմներին»՝ գոմեշ Նազլուին, Ծաղիկ կովին, Չերքեզ և Աբրաշ եզներին, Թոբլան, Ղայթար և Մաշկո շներին, Մարինոս ավանակին և Ղռաթ ձիուն:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22/03/2019 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

Ա. Պուշկին Ձմեռվա իրիկունը

Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.

Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։

Մեր խըրճիթը աղքատ ու հին,

Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,

Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։

Արի խըմենք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներըս բաց կըլինի։

Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին։

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան։

— Արի խմենք, բարի ընկեր
Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի։


Թումանյանի քառյակները

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին: