Հայրենագիտական ճամփորդությունը` ուսումնական նախագիծ

 

34601363_1804449029622909_3114071127501045760_nՈւսումնահայրենագիտական ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման   բավականին արդյունավետ միջոց է և կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի  բաղկացուցիչ`սահմանված  կարգով: Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը պարտադիր է:
Ճամփորդությունը  իր նշանակությամբ չի տարբերվում ուսուցման մյուս ձևերից. այն տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, ազգային տոների, ծեսերի, մշակույթի, գրականության մասին:
Ճամփորդության բովանդակության մեջ ներառված են.
կրթական փոխանակումները`   կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.
հայրենագիտական-բանահավաքչական աշխատանքը՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը,մշակույթին՝ բարբառին, աշխատանքային երգերին, գործիքներին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, ծիսական երգ ու պարին և այլն.
 աշխարհագիտական-բնագիտական  աշխատանքը` քարտեզագրում. ճանապարհը դպրոցից մինչև ճամփորդության վայրը, Երևանից մինչև ճամփորդության վայրը և տեղում՝ բնության հուշարձան,  այգի, պուրակ, առու, գետ, լիճ, սար, գագաթ, հանք, բուսական, կենդանական աշխարհ և այլն.
բնապահպանական խնդիրները:
Ճամփորդությունը ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների` որոնողական աշխատանք կատարելու, հետազոտելու, զննելու, աշխատանքը համակարգելու, փորձարկելու ձևավորում: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել  հայրենիքդ: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների շրջանակը: Ճամփորդությունների օգնությամբ իրականանում է դիտողականության սկզբունքը, քանի որ սովորողները  անմիջապես ծանոթանում են առարկաներին, երևույթներին: Կարևոր են նաև ճամփորդության միջոցով ուսումնասիրվող նյութի հանդեպ հետաքրքրություններ առաջ բերելը, դրանց շրջանակը ընդլայնելը, տեսածն ու լսածը ճիշտ ըմբռնելն ու  գնահատելը: Եվ, վերջապես, չի սահմանափակվում սովորողի կրթական տարածքը, ընդհակառակը, այդ սահմանները չեն ընդգծվում. կարելի է այցելել թանգարաններ, պատկերասրահներ,պատմամշակութային վայրեր,խոնարհված եկեղեցիներ, հաղթահարել բարձունքներ և այլն:  Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը չի կարող սահմանափակվել  միայն տվյալ վայր այցելությամբ և ուսումնասիրությամբ, այն պիտի հնարավորություն տա սովորողին` ճանաչելու, հետազոտելու, դիտարկելու, լուսաբանելու: Ճամփորդությունների ժամանակ սովորողը պետք է ճանաչի նաև բնապահպանական խնդիրները և փորձի հնարավորինս օգնի լուծել դրանք, ինչպես նաև լինի բնության, շրջակա միջավայրի (գետ, լիճ, անտառ,  ճարտարապետական կառույց, վանք, հուշարձան, խոնարհված եկեղեցի և այլն) պաշտպան:
Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը կարելի է բաժանել  երեք փուլի` նախապատրաստում, ճամփորդություն, ամփոփում: Ճամփորդության  հաջողությունը որոշում է նախապատրաստական փուլը: Ճամփորդության նախագիծը  ճամփորդության պատասխանատուն ներկայացնում է կրթական  ծրագրի ղեկավարին, քննարկվում է նախագիծը, և սկսվում  է նախապատրաստական ուսումնական  աշխատանքը, աշխատանքին  մասնակցում են բոլոր  սովորողները: Այս փուլն իրենից  ներկայացնում է ճամփորդության նպատակը, ճամփորդության վայրն ընտրելը, ուսւոմնասիրությունը, հետազոտությունը,համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ քաղելը, երթուղու քարտեզագրումը, համապատասխան թվային միջոցներ`ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ ունենալը:  Անպայման կարևորվում է տվյալ վայրերի անվանումների, պատմության հետ կապված առանձնահատկությունը, այն,  որ նրանց ծագումը հաճախ կապվում է ավանդական հենքով հորինված, ստեղծված ժողովրդական ստուգաբանության հետ:
Ճամփորդության ընթացքում և հետո մասնակից սովորողները պատրաստում են նյութեր ճամփորդության մասին, որոնք կարող են լինել ֆիլմեր, հաշվետվություններ, ռադիոնյութեր, ֆոտոշարեր, ուսումնական փաթեթներ, տեղադրում են բլոգներում, դպրոցի կայքերում, նաև` սոցցանցերում: Նախագծի պատասխանատուն կամ պատասխանատուները անպայման ներկայացնում են  ամփոփիչ  հաշվետվություն: