Թումանյանի մտքերից

images
Արևը ստվեր չի տեսնում։
Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
Գեղարվեստը հայրենիք ունի:
Արվեստը  պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է:
Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես:
Գրականությունը ազգի հոգին է, և գրողներն` էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ:
Մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու. մենք՝ կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք կողք կողքի, ինչպես մեր հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ միմյանց թիկունքին և իրենց հիմքերով միացած:
Թշնամությունը մեր ժողովրդի մեջ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը՝ բնական ու շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում:
Թանկագի՛ն ուսուցիչներ և սիրելի՛ աշակերտներ, դուք էլ կռվում եք այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն և ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս, արդարություն:
Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ:
Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է: Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ:

Оставьте комментарий