Մի գերդաստանի պատմություն

Տոհմս ունի բավականին հարուստ  պատմություն և, բերնեբերան անցնելով, հասել է ինձ: Պատումն անմիջականորեն  ինձ անցել է հորիցս:
Տոհմիս նահապետը` Սարգիսը (Սաքին),  իր 4 որդիների հետ Շաքիից (Նուխի քաղաքի մասին է խոսքը)  տեղահանվելով,  հանգրվանում է  Մարտակերտում 1800-ական թվականներին: Տեղահանման պատճառը քաղաքական անհուսալի վիճակն էր:

1805-1826 թթ ռուսական զորքը, հաստատվում է Անդրկովկասում, Պարսկաստանը չէր հաշտվում տարածքային (Ղարաբաղի, Շաքիի, Լենքորանի և մյուս խանությունների)  կորուստների հետ: Շաքիի հայաշատ բնակչությունը ձգտում էր դեպի հավատակից ռուսները, իսկ մահմեդական ազգաբնակչությունը գերադասում էր մնալ պարսիկների հովանու ներքո: Եվ այդ տարամետ ձգտումները պատճառ են դառնում խոշոր ընդհարումների, որի հետևանքով հայությունը, անհրաժեշտ անվտանգության երաշխիք և հովանավորում չստանալով ռուսներից, հարկադրաբար թողնում է իր հազարամյա հանգստարաններն (գերեզմանոցներ) ու աղոթատեղիները և ապրելավայր է ընտրում Ջրաբերդի մելիքության Կուսապատ գյուղը, հետո իջնում  հարթավայր` Մարտակերտ:
Հիմնավորվելով Մարտակերտում` Սարգսի երեք որդիները` Պետրոսը, Գալուստը և Դյադյան ընտանիքավորվում են տեղացի աղջիկների հետ:
Իմ գերդաստանը սերում է Պետրոսի Ավանես որդուց, մեր նախապապ Պետրոսի անունով էլ կոչվեց մեր գերդաստանը`Պըտրուսանք կամ Պետրոսյաններ: Ավանեսի Սիմոն  որդուց սերում է իմ պապը, ում իր պապի անունով կոչել են  Պետրոս: Ասում են` պապս շատ աշխատասեր, խելացի, խիզախ և ուժեղ տղամարդ է եղել, մեծ  ունեցվածքի տեր է եղել և ծառացել է խորհրդային կարգերի դեմ, չի ենթարկվել իշխանություններին:
Հայրս ընտանիքի 6-րդ զավակն է եղել, իսկ յոթերորդը  հորաքույրս էր, նա չի տեսել  պապիս.  ծնվել է, երբ արդեն պապիս կուլակաթափ էին արել, զրկել ունեցվածքից և  աքսորել անվերադարձ:
Տատս` Հայկանուշը,  ով Մարտակերտում շատ հայտնի ընտանիքի զավակ էր, (տատիս պապերը գաղթել էին Պարսկաստանի Խոյի խանությունից),  իր վրա կրելով «ժողովրդի թշնամու կին» խարանը, պատվով պահել, մեծացրել է 7 զավակներին`4 տղա, 3 աղջիկ:
Երկու հորեղբայրներս հետագայում հաստատվել են Բաքու քաղաքում, աշխատել են վարորդ, մի հորեղբայրս  ապրել է Մինգեչաուրում, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրեն և ֆիզիկայի առաջատար մասնագետ:
Հորաքույրերս  ընտանիք են կազմել Մարտակերտում: Հայրս Մարտակերտում մինչև բռնագաղթը եղել է թիվ 1 դպրոցի տնօրենը, լավագույն մանկավարժ:
Հորս շարունակում ենք մենք` ես և երկու եղբայրներս:
Ցավոք, պատումս չեմ կարող համեմել մեր գերդաստանի անդամների լուսանկարներով, քանի որ հայտնի դեպքերի ժամանակ շատ ու շատ կորուստների հետ անվերադարձ կորցրել եմ մեր ընտանեկան ալբոմները:
95168084_229302851729052_8286210185752477696_n

Հայրս` Միքայել Պետրոսյանը:
95137204_183406489377789_3222933550428848128_n

Հայրս ու մայրս:

 

Оставьте комментарий