Թումանյանի բանաստեղծություններից

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն
Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն.
Կյանքը հարաշարժ հոսանք է վարար…
Նորանոր ուժեր ճնշում են իրար,

Ելնում են թափով,
               Իջնում տագնապով
               Ու կենդան, կայտառ,
               Միշտ նոր ձևի մեջ,
               Անդուլ, անդադար

Հոսում են անվերջ…
Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝

Հզորն ու տկար
               Ընդմիշտ հավասար,
               Անխտիր հալվում
               Մեծ հանգըստի մեջ,
               Հալվում են, ձուլվում

Հանգչում են անվերջ…

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Իմ անցած կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։

Մինն ասում էր.— Ես ունեի
Թարմ ու բուրյան ծաղիկներ,
Ու բոլորը մարդկանց տըվի
Գարնան գըրկովն առատաբեր։

Մյուսն ասում էր.— Ես ունեի
Շատ ըզգացմունք ու կորով,
Ու ողջ ես էլ նըրանց տըվի
Սիրանըվեր երգերով։

Մինն ասում էր.— Ես թողեցի
Ձըմե՛ռ ու սև՛ էն հովտում։
Մյուսն ասում էր.— Ես թախծալի
Մի սիրտ բեկված ու տըրտում։

Մինը ասավ.— Բայց կըծաղկի
Էն հովիտը նորից նոր։
Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
Ու գնում էր գլխակոր…

Էսպես իմ կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։


Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։1904

Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Իմ երգը
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…


Оставьте комментарий