Հարժիս-Խնձորեսկ-Գ որիս երկօրյա ճամփորդության հաշվետվություն

IMG_0814

Հունիսի 14-15 Քոլեջի սովորողները երկօրյա ճամփորդական նախագծով Սյունիքի մարզում էին: Պատասխանատուները ես և Մելքոնյան Անահիտն էինք:
Առաջին կանգառը Պարույր Սևակի հայրենի գյուղն էր, այցելեցինք Սևակի այգին, տունը, կարդացինք, քայլեցինք, հիացանք: Հաջորդը, որ կանգ առանք և նախաճաշեցինք, Արփա գետի ափն էր: Այնուհետև, շարունակելով ճանապարհը, հասանք Հարժիս, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին: Չնայած արձակուրդ էր, դպրոցում շատ էին սովորողներն ու ուսուցիչները: Իրար հետ ծանոթանալուց հետո մենք և հարժիսցի դպրոցականները ներկայացրինք  մեր դպրոցները, նախագծերը. համագործակցելու առաջարկներ եղան: Դպրոցն ունի 86 սովորող: Այս տարի առաջին դասարան ընդունվել է 11 երեխա, որը գյուղի համար լավ ցուցանիշ է:
Գրադարանին մեր կողմից գրքեր նվիրեցինք, որի համար շատ ուրախացան, պարզվում է` դպրոցի սովորողները  ակտիվ ընթերցասեր են: Սովորղների հետ քայլեցինք գյուղում, ծանոթացանք մարդկանց կենցաղին, ապրելակերպին: Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Մեր հարցին, թե ինչով են զբաղվելու սովորողները ամառային արձակուրդի օրերին, պատասխանեցին, որ կօգնեն ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում:
Գյուղը բավականին հետաքրքիր էր իր պատմությունով, հնավայրերով, հյուրասեր, աշխատասեր ու խելացի մարդկանցով: Մեր սովորողներին սիրով հյուրընկալեցին իրենց տներում գյուղի երեխաները:
Հաջորդ օրը` վաղ առավոտյան, քայլեցինք դեպի  գյուղի ծայրում գտնվող Անահիտի մատուռը, հետո` Հին Հարժիս, որը գտնվում է ձորում և գյուղից 4 կիլոմետր հեռու է: 1930-ականներին ավերիչ երկրաշարժը կործանել էր գյուղը, սակայն ավերակները, հին գերեզմանատունը, սբ. Մինաս եկեղեցին մինչև հիմա խոսում են Հին Հարժիսի մասին: Այդ օրվա մեր քայլքը 10 կմ էր:
Քայլարշավից հետո  հրաժեշտ տվեցինք Հարժիսին և շարժվեցինք դեպի Հին Խնձորեսկ: Խնձորեսկի Ճոճվող կամուրջը, ժայռափոր հին տները, սբ. Հռիփսիմե վանքը, Երազանքների աղբյուրը, հին գերեզմանատունը տպավորիչ էին: Սովորողները նկարվեցին, նկարեցին, պատմությունները լսեցին, և ճանապարհ ընկանք դեպի Գորիս: Գորիսում քայլեցինք փողոցներում, այցելեցինք Բակունցի- տուն թանգարան: Թանգարանի ծաղկաշատ- ծառաշատ այգին շատ խնամված էր, ամենուրեք խնամող ու հոգատար ձեռքը երևում էր. գորիսցիները աչքի լույսի պես են պահում-պահպանում Բակունցի հետ կապված ամեն ինչ:
Գորիսում կարելի էր երկար թափառել, սակայն երկարաձիգ ճանապարհը մեր առջևում էր: Հրաժեշտ տվեցին Գորիսին:
Տարվա այս եղանակին Զանգեզուր աշխարհից անպակաս են մառախուղը, անձրևն ու կարկուտը: Սիսիանից մինչև Վայք կարկուտն ու անձրևը մի վայրկյան անգամ չնահանջեցին, հետն էլ`ցուրտը:
Մեր սովորողները այդ երկու օրվա ընթացքում շատ բան տեսան, շատ բան սովորեցին, իրար ավելի լավ ճանաչեցին, մտերմացան, շատ կարևոր հմտություններ ձեռք բերեցին:

Երկօրյա ճամփորդության ամփոփիչ նյութերը`
Ճամփորդական 
Պատկերներ Հարժիսից
Հարժիսի հրաշք բնությունը
Ծանոթանանք Հին Հարժիսին
Այցելություն Հին Խնձորեսկ
Ճամփորդություն դեպի Սյունիք
Արտբզզանը`Հարժիսից
Մեր գետերը. Արփա
Արփայի հովտում
Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ
Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ
Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր
Անահիտ Մելքոնյանի ֆեյբուքյան էջ
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր
Ուղիղ եթեր

Оставьте комментарий