Հայկական ավանդական ուտեստ` ղափամա

img_0322

Ղափաման հայկական ավանդական ուտեստ է, այն  հիմնականում պատրաստել են Ամանորի, Զատկի օրերին, ծեսերի ժամանակ, նաև հարսանեկան սեղանների անբաժան մասն է եղել:
Ղափաման պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել  կլորավուն դդում, գլխիկը կտրել, հեռացնել միջուկն ու սերմերը: Միջուկը սերմերից մաքրել և մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, մեղր, աղ, մեկ բաժակ ընկույզ կամ նուշ, դարչին և լավ խառնել: Դդումի պատերին ներսի կողմից քսել յուղ և ստացված խառնուրդով լցոնել դդումը: Այնուհետև կտրած գլխիկը որպես կափարիչ դնել և եփել ջեռոցում մարմանդ կրակով:
Հայաստանի տարբեր տարածաշրջաններում  ղափաման պատրաստել են  տարբեր կերպ: Ահա դրանցից մի քանիսը:
Գորիսի ղափամա
1 դդում, 0,5 կգ բրինձ, 2-3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, կանաչի, աղ: Դդումի պոչի կողմից կտրել, սերմերը հեռացնել, բրինձը, հոնաչիրը, կարագը կամ յուղը լցնել, խառնել, կտրած մասով դդումը ծածկել, դնել թոնիրը կամ ջեռոցը և եփել այնքան, մինչև դդումը փափկի:
Կիլիկիայի ղափամա
1 դդում` 1,5 կգ-անոց, 70 գրամ, բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր,  1 գրամ դարչին, աղ: Դդմի վերին մասը կտրել, հեռացնել սերմերն ու միջնամասը, եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, մանր կտրատած խնձորը, չամիչը, կարագը դարչինը խառնել, համեմել աղով և լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Մատուցել կտորներով` վրան յուղ լցնելով:
Մարաշի ղափամա
Մարաշցիները այս հայտնի ուտեստն անվանում են Քեշկեկ ղապաղլի (ղափամա): Մատուցում են տոն օրերին, հարսանիքներին` որպես զուտ մարաշյան ուտելիք: Փորել դդումը, կտրատել խորանարդիկներով, նաև այդպես կտրատել 0,5 կգ միսը, ավելացնել մեկ բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ լոլիկի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 լիմոնի հյութ,1 թեյի գդալ սումախ, 1 թեյի գդալ, աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ: Փակել կափարիչը և թույլ կրակով եփել:
Մատուցել ձավարի փլավով, յուղով և տապակած հացով:
Կուտինայի ղափամա
1 կգ գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել 0,5 կգ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր,, ծածկել ափսեով, վրան ծանրություն դնել և եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի և բրինձը եփվի:

Առաջադրանք;
Ի՞նչ տեղ է գրավում ղափաման ձեր ընտանեկան խոհանոցում, և ո՞վ է պատրաստում այն:
Ո՞րն է տոն օրերի ձեր ընտանեկան ծիսական ուտեստը: Պատմեք դրա մասին:

 

Оставьте комментарий