Քանաքեռի պատմությունից

Без названия

Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Ըստ Գ. Ասատրյանի «Պատմական Քանաքեռը» գրքի

Оставьте комментарий